Թվիթերը բարձրացրել է սեփական արժեթղթերի գինը մինչև 23-25 դոլար` նախատեսված 17-20 դոլարի փոխարեն: Այս մասին հայտարարել է հենց Թվիթեր ընկերությունը ԱՄՆ թանկարժեք թղթերի հանձնաժողովին ուղարկած փասթաթղթերում: Ըստ Թվիթեր ընկերության արժեթղթերի աճի հաշվարկների` ընկերության կապիտալը կհասնի 13.6 միլիարդ դոլարի: Ընդհանուր առմամբ շուկայում կառաջարկվի 70 միլիոն արժեթուղթ, որի ընդհանուր արժեքը կհասնի 2 միլիարդ դոլարի:
Թվիթերը սեփական արժեթղթերի գինը կհայտարարի նոյեմբերի 6-ին, իսկ Նյու Յորքի ֆոնդային բորսայում դրանց վաճաքը կմեկնարկի հաջորդ օրը: Մասնագետներն այս իրադարձությունը համարում են ամենասպասելին Ֆեյսբուքի` արժեթղթերի շուկա դուրս գալուց հետո: Թվիթերն ամեն ամիս ունի 218 միլիոն ակտիվ օգտագործող:
Թվիթերի պատմությունը սկսել է 2006 թվականին։ Ինչպես և Facebook սոցիալական ցանցը, ի սկզբանե այն ստեղծվել է ներքին, սահմանափակ շրջանակում օգտագործվելու համար։ Հեղինակը՝ Ջեկ Դորսին, մտադիր էր ստեղծել ծառայություն, որը թույլ կտա կարճ հաղորդագրությունների միջոցով շփվել ընկերների հետ։ Twitter-ի առաջին օգտագործողները դարձան Odeo ընկերության աշխատակիցները։ 2006 թվականի հուլիսի 15-ին Թվիթերը դուրս եկավ ընկերության սահմաններից, դարձավ ընդհանուր հասանելի, իսկ 2007-ին ստեղծվեց Twitter ինքնուրույն ընկերությունը։