
Աստուդիո կայքի բլոգը հիմնականում նախատեսված է թեմատիկ հոդվածների համար, որոնք փոխկապակցված են ընկերության ծառայությունների հետ։ Դրանք օգնում են տարատեսակ բանալի բառերով կատարել SEO առաջխաղացում, հետաքրքրված այցելուներին հաղորդել նոր ինֆորմացիա, ավելացնել կայքի էջերի քանակը և կոնտենտի որակը։
Այսօր ցանկանում ենք անդրադառնալ ոչ թեմատիկ, բայց ցանկացած գործատուի և աշխատանք փնտրողի համար առաջնային կարևորություն ունեցող խնդրի։ Խոսքը գնում է թափուր աշխատատեղի համար դիմելիս թեկնածու-գործատու կոմունիկացիայի խնդիրների մասին։
Ինչպե՞ս դիմել աշխատանքի համար
Ինչպե՞ս դիմել աշխատանքի համար, եթե գործատուն հրապարակել է հայտարարություն և պահանջում է առաջին քայլով ուղարկել ռեզյումե։ Թվում է բարդ բան չկա։ Ունես պարտրաստի ֆայլը, պատճենում ես մեյլի հասցեն, կցում ռեզյումեն, ուղարկում նամակը, սպասում պատասխանի։ Դիմորդների 70 տոկոսը հենց այսպես էլ անում է․․․ և գործատուից չի ստանում որևէ արձագանք։ Եթե ցանկանում եք, որ ձեր նամակն ուշադրության արժանանա, ռեզյումեն ընթերցվի, իսկ դուք, որպես հեղինակ, լավ տպավորություն թողնեք, հետևեք մի քանի խորհրդի։
- Ռեզյումեն կազմեք այն լեզվով, որով հրապարակվել է թափուր հաստիքի մասին հայտարարությունը։ Միջազգային ընկերությունը, որտեղ կոմունիկացիան ամբողջությամբ անգլերենով է, կարող է պահանջել անգլերեն CV: Սակայն եթե գործատուն ձեզ դիմում է հայերեն լեզվով, բարի եղեք պատասխանել նույնպես հայերենով։ Օտար լեզվով ռեզյումեները հատկապես ծիծաղել են, երբ պարզվում է, որ հեղինակը չի կարողանում գոնե երկու նախադասություն իրար կապել տվյալ լեզվով։
- CV-ներում ներառված ինֆորմացիան պահեք ակտուալ վիճակում։ Պատահում է, որ ստանում ենք ինքնակենսագրություն, որտեղ բացակայում է վերջին երկու տարվա զբաղմունքի կամ աշխատանքի մասին ինֆորմացիան։ Կամ ավելի վատ, թեկնածուն լրացնում է գոյություն չունեցող հիմնարկների անվանումներ, թվարկում է ուռճացված պաշտոններ՝ իրեն վերագրելով մի ամբողջ թիմի կատարած աշխատանք և հաջողություն։ Նկատի ունեցեք, նման դեպքերը արագ բացահայտվում են։
- Տրամադրեք հնարավորինս ամբողջական ինֆորմացիա։ Թեժ մրցակցության պարագայում, երբ գործատուն չի հասցնում մշակել ստացվող բոլոր հայտերը կամ անհնար է լինում բոլոր դիմորդներին հրավիրել հարցազրույցի, նախապատվությունը տրվում է այն ռեզյումեներին, որոնց ինֆորմացիան ամբողջական է։ Մի թաքցրեք ձեր տարիքը, ընտանեկան կարգավիճակը, բնակության վայրը, քաղաքացիությունը, տեղադրեք լուսանկար։
- Անպայման լրացրեք նամակի թեմա դաշտը։ Նամակը ուղեկցեք գոնե մեկ-երկու տողանոց ողջույնի խոսքով։ Առանց բարև-բարիլույսի, առանց թեմա դաշտի լրացման հայտերը HR մասնագետների մեծ մասը բացառում են միանգամից։ Թեմա դաշտը պետք է պարունակի այն հաստիքի անվանումը, որի համար դիմել եք։ Ցանկալի է ուղեկցող նամակի առկայությունը։ Եվ վերջում ստորագրություն կոչվածը՝ հարգանքներով՝ Անուն, Ազգանուն (մեյլ պրովայդերի կամ սմարթֆոնի ծրագրի ստանդարտ ստորագրությունը պետք է ջնջել)։
- Նամակի կաղապարը նունպես պետք է լինի ներկայանալի։ Ուղարկողի անունը ցանկալի է որ պարունակի նրա իրական անուն ազգանունը: Pisik, puchik, pachik և նմանատիպ բառեր պարունակող հասցեներից ուղարկված նամակները լուրջ չեն ընդունվում։ Ուղարկվող ֆայլը պետք է լինի pdf ֆորմատով, ոչ թե jpg նկարի տեսքով կամ ավելի վատ՝ թղթից լուսանկարված։
Ի՞նչ անել, եթե չեն արձագանքում
Դուք կազմել և ուղարկել եք ամենագրավիչ ռեզյումեն, ձեր կարծիքով լրիվ համախատասխանում եք թափուր հաստիքի պահանջներին, անսահման սիրում եք աշխատել, բայց արդեն մեկ շաբաթ ձեր նամակին չեն արձագանքում։ Ի՞նչ անել։
- Եթե չափահաս եք, արգելեք ձեր մայրերին, քույրերին, եղբայրներին կամ ամուսիններին ձեր փոխարեն զանգել և հետաքրքրվել դիմումի ճակատագրով։
- Եթե ինքներդ եք զանգում, նախապես պլանավորեք ասելիքը։ Վաճառքի մենեջերի, հեռախոսային օպերատորի և այլ նմանատիպ աշխատանքների պարագայում, զանգը ձեր առաջին քննությունն է։
- Եթե որոշել եք աշխատանքի հարցով դիմել որևէ սոց ցանցի կամ մեսենջերի միջոցով, մի գրեք լատինատառ։ Դա անգրագիտություն է և չի դիմանում ոչ մի արդարացման։
- Կարող եք նույն մեյլին ուղարկել ճշտող նամակ՝ և չանհանգստացնելով որևէ մեկին, և հիշեցնելով ձեր մասին, և թողնելով հետևողական մարդու տպավորություն։
Հուսով ենք թվարկած խորհուրդները ոչ մի ընթերցողի համար վիրավորական կամ կոպիտ չեն հնչել։ Հոդվածի միակ նպատակն է անփորձ անձանց տալ ճիշտ ուղղություն՝ աշխատանք որոնելու ճանապարհին նվազեցնելով տեխնիկական խոչընդոտները։
Մեծ բիզնեսը սկսում է փոքր ստարտափից։
Մի թող վաղվան այն, ինչը կարող ես պատվիրել այսօր:
Օգտակա՞ր էր այս հոդվածը